National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2011
Տեղի ունեցավ միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստը
1 / 6

Հունիսի 10-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստը:

Մինչեւ նիստը սկսվելը Հայաստանի եւ Արցախի  խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի  հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նիստն ընթացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների համանախագահությամբ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջույնի խոսքով բացեց 8-րդ նիստի աշխատանքները: Իր ելությում նա ասաց. 
  
«Հարգարժան պարոն Ղուլյան,

Հարգելի գործընկերներ 

  Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից ողջունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր գործընկերներին եւ շնորհավորել մեր խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհդարանական հանձնաժողովի հերթական` ութերորդ նիստի գումարման կապակցությամբ:

Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը ծավալվում է ԼՂ հարցի շուրջ բանակցություններին զուգահեռ: Բանակցային գործընթացն աստիճանաբար ավելի հաստատուն է դարձնում այն միտքը, որ ԼՂ ժողովուրդն ինքը պիտի տնօրինի սեփական ճակատագիրը եւ նրա ինքնորոշումն այլընտրանք չունի: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ պատրաստ է խնդրի լուծման հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն դա չի նշանակում, թե մեր տարածքների ու բնակչության դեմ որեւէ ոտնձգություն անպատասխան է մնալու: Մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել զենքի ուժով հարց լուծելու ոմանց գայթակղությանը համարժեք հակահարված տալու իր կարողությունը:

ԼՂ հարցում Հայաստանը երբեք չի անտեսի ԼՂ իշխանությունների եւ ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը: ԼՂՀ-ն իբրեւ պետություն իր գոյության այս պատմական կարճ ժամանակահատվածում հասցրել է ապացուցել, որ որոշ, այդ թվում եւ մեր տարածաշրջանի պետությունների համեմատ ավելի կայացած եւ ժողովրդավար է, ուստի, իրավունք ունի որպես դե ֆակտո առանձին միավոր այդպիսին լինել նաեւ դե յուրե, մանավանդ որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ միջազգային հանրության դիրքորոշման մեջ կարծես թե ձեւավորվում է կարծրատիպերի նկատմամբ ավելի ըմբռնելի վերաբերմունք:

Հարգելի գործընկերներ, խորհրդարանների համագործակցությունը եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը, էական ներդրում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ միջպետական կապերի զարգացման գործում: Վստահ եմ, որ հանձնաժողովի գործունեությունն այսուհետ եւս արդյունավետ ներդրում կլինի համատեղ ծրագրերի իրականացման գործում` ի նպաստ երկու պետությունների տնտեսական ու քաղաքական հզորացման եւ նրանց քաղաքացիների բարեկեցության: Համոզված եմ, որ այդ գործունեւոթյունը կնպաստի ԼՂ հարցի միջազգային ավելի լայն ճանաչման` նպաստելով խնդրի հայանպաստ լուծմանը: Բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը` տեղեկացնեմ, որ իմ կամ իմ գործընկերների ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ չի շրջանցվում ԼՂ թեման, եւ Հայաստանի օրենսդիրները ստանձնել են նաեւ ԼՂՀ-ը ներկայացնելու գործառույթ, ընդգծեմ` ժամանակավոր գործառույթ, որովհետեւ համոզված եմ, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն դառնալու է միջազգային իրավունքի ինքնուրույն, ճանաչված սուբյեկտ: Եվ այդ ժամանակ արդեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի օրենսդիրները համատեղ կներկայացնեն եւկպաշտպանեն իրենց երկրների ու հայության շահերը:

Մեր նախորդ նիստը, որը կայացավ 2009 թվականի դեկտեմբերին Երեւանում, ընթացավ ակտիվ երկխոսության մթնոլորտում: Նիստի հիմնական թեմաների շուրջ բուռն քննարկումներ կայացան եւ որոշվեց մեր խորհրդարաններում աշխատանքային խմբեր ձեւավորել` քննարկված հարցերն ավելի մանրակրկիտ ուսւոմնասիրելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով: Կցանկանայի նշել, որ Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները ներկայացրել են աշխատանքային խմբի իրենց թեկնածուներին եւ խմբի վերջնական ձեւավորման աշխատանքները շուտով կամփոփվեն:
 
 

Հարգելի գործընկերներ,

Վստահ եմ, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այս նիստը արդյունավետ կընթանա` հնարավորություն ընձեռելով մեզ բազմակողմանիորեն քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը: Հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը, ինչպես նաեւ մեր խորհրդարանների միջեւ սերտ համագործակցությունը թույլ կտա մեզ հասնել շոշափելի հաջողությունների քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:

Այսօր մենք պետք է քննարկենք հետագա համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ: Այս հարցերի համապարփակ լուծումը մեկօրյա նիստում հնարավոր չէ, այդ իսկ պատճառով կցանկանայի հատուկ ընդգծել հետագա նիստերի ծրագրավորման ? անցկացման կարեւորությունը, որոնց ընթացքում մենք հնարավորթւյուն կունենանք  քննարկել  ոչ միայն նոր խնդիրներ, այլեւ գնահատել նախկինում բարձրացված հարցերի լուծման արդյունքները:

Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերը որոշակիորեն բարձրացվել են նաեւ մեր նախորդ հանդիպումների ընթացքում: Վերջին շրջանում  համագործակցության խթանմանն ուղղված քայլեր են  ձեռնարկվել եւ որոշ հաջողություններ են արձանագրվել, սակայն մեր խորհրդարանները դեռեւս զգալի աշխատանք պետք է կատարեն վերոնշյալ խնդիրների ամբողջական համակարգման ուղղությամբ:

Կցանկանայի նշել, որ չնայած երկկողմ ակտիվ համագործակցությանը, դեռեւս ամբողջովին չենք օգտագործել մեր ունեցած ներուժը եւ ներկայումս, իմ կարծիքով, բոլոր նախադրյալները կան կարեւորագույն ոլորտներում մեր պետությունների միջեւ   համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Վերջում ուզում եմ  ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծ կարեւորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը եւ պատրաստ է բազմապատկել ժամանակի ընթացքում ձեռք բերած մեր միասնական նվաճումները:

Շնորհակալություն  եմ հայտնում միջխորհդարանական հանձնաժողովի բոլոր անդամներին այսօրվա նիստին մասնակցելու համար եւ   հաջողություններ մաղթում  հանձնաժողովի աշխատանքներում, ինչպես նաեւ ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր ջանքերն արդյունավետ կլինեն` ի նպաստ   բազմակողմ համագործակցության զարգացմանը»:

ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը եւս ողջունեց երկու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին:

«ՀՀ Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Հարգելի գործընկերներ

Ողջունում եմ բոլորիդ` Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման առիթով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովիկ Աբրահամյանին` ջերմ ընդունելության, աշխատանքի հոյակապ պայմաններ ստեղծելու համար:

Հայկական երկու պետությունների փոխհարաբերությունների եւ սերտ համագործակցության մի քանի կայացած ձեւաչափեր եւ հարթակներ կան: Այդ շարքում եւ հատկապես վերջին տարիներին  իր նշանակալի տեղն ունի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Այս հարթակը, այս ձեւաչափը հնարավորություն է, որպեսզի մենք մշտապես գնտվենք մտքերի փոխանակության, ապագա քայլերի նախանշման աշխատանքային ռեժիմում, նույնիսկ եթե ֆորմալ առումով նիստեր չեն գումարվում:

Ասվածի վկայություն է նախընթաց մեկուկես տարին: Անցյալ գարնանը մենք հնարավորություն չունեցանք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  նիստ գումարել, քանի որ Արցախում խորհրդարանական հերթական ընտրություններ էին: Իսկ աշնանը պատճառ դարձավ Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքային խիտ ու բազմազան հարցերով եւ ուղեւորություններով հագեցած ժամանակացույցը: Սակայն այդ ընթացքում համագործակցության խնդիրները պարբերաբար քննարկվել են երկու խորհրդարանների ղեկավարների, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների միջեւ աշխատանքային հանդիպումներում:

Այս իմաստով ուզում եմ հատկապես կարեւորել Հայաստան- Ֆրանսիա եւ Հայաստան- Մեծ Բրիտանիա բարեկամության պատգամավորական խմբերի այցելություններն Արցախ` անցյալ եւ այս տարվա գարնանը, որոնք մեզ համար խիստ օգտակար եւ նշանակալի էին: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ նախագահին եւ այդ պատգամավորական խմբերի հայաստանյան ներկայացուցիչներին`  ֆրանսիացի եւ բրիտանացի խորհրդարանականների ԼՂՀ այցերը կազմակերպելու եւ ցուցաբերած օժանդակության համար: Մենք լիահույս ենք, որ նման օգտակար այցելություններ կկազմակերպվեն նաեւ առաջիկայում: Այդ կերպ Արցախի խորհրդարանն օժտվում է նաեւ միջազգային կապերի սուբյեկտ դառնալու միանգամայն հուսալի հեռանկարով:

Բարեկամներ, ներկա նիստի օրակարգում ընդգրկված են քաղաքական եւ սոցիալական հարցեր: Դրանց առաջնահերթությունը քննարկվել է պարոն Հովիկ Աբրահամյանի եւ իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում ու ներկա տեսքն ստացել արդեն երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ խորհրդատվությունների արդյունքում: Մենք եկել ենք ընդհանուր եզրակացության եւ, կարծում եմ, կանգ առել ամենահրատապ խնդիրների վրա: Համոզված եմ, որ այդ հարցերն այսօր կքննարկվեն ամենալայն կտրվածքով:

Ուզում եմ անդրադառնալ մեր հետագա աշխատանքների կազմակերպմանը` ծրագրման տեսանկյունից: Կարծում եմ, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն այնքան կայացած ձեւաչափ եւ միաժամանակ մտքերի փոխանակության ու համատեղ նախանշումների հարթակ է դարձել, որ կարելի է  մտածել այսպես կոչված մեծ օրակարգ ձեւավորելու եւ յուրաքանչյուր նիստից առաջ այդ շրջանակից տվյալ իրավիճակում ամենահրատապ հարցերն առանձնացնելու եւ քննարկման  դնելու անհրաժեշտության մասին:

Եթե այս գաղափարն ընդունելի է, ապա անհրաժեշտ կլինի ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի մեծ օրակարգի մասին իր առաջարկությունները: Հաշվի առնելով, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել եւ օբյեկտիվ պատճառներով օրակարգային հարցերի քննարկման համար փաստացի ժամանակը շատ սուղ է, ուստի  սեպտեմբերին հարկ կլինի ձեւավորել հարցերի այն շրջանակը, որը հիմք կդառնա մեր հաջորդ քննարկման համար:

Հարգելի գործընկերներ,

Մենք նաեւ կարեւոր պատմական իրադարձությունների շեմին ենք. սեպտեմբերին նշելու ենք հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Նախապես շնորհավորելով մեզ բոլորիս այս հոբելյանների առիթով, ուզում եմ փաստել, որ քսանամյա հայկական պետականության կայացման գործում, անշուշտ, մեծ է եղել երկու երկրների խորհրդարանների դերը ու նաեւ այդ պետական մարմիններին էր վերապահված իրականացնելու այն լրջագույն առաքելությունը, որի արդյունքում մենք ունենք իրավական եւ ժողովրդավարական երկու հայկական պետություններ եւ   միջխորհրդարանական համագործակցության կայացած ու գործուն համակարգ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք միջխորհրդարանական փոխգործակցությունը պահել պատշաճ մակարդակի վրա` ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ գալիք սերունդներին անկախության ու ազատության արժեքների վրա հիմնված` ապահով եւ անվտանգ հայրենիք փոխանցելու վճռականությամբ»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` նիստի մասնակիցները հաստատեցին օրակարգը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգային առաջին հարցը վերաբերվում էր ԼՂ հակամարտությանը: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը եւ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը» թեմայով զեկույցներ ներկայացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Խոսվեց բանակցությունների գործընթացում խորհրդարանների  դերակատարության եւ անելիքների մասին, ինչպես նաեւ նշվեց տեղեկատվություն փոխանակելու եւ համաձայնեցված գործելու կարեւորությունը: Հակամարտության կարգավորման` գործադիր իշխանության քաղաքականության ու հիմնական սկզբունքների մասին պատգամավորներին  մանրամասներ հաղորդեցին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը` պատասխանելով նաեւ ներկաների հարցերին:

Օրակարգային հաջորդ հարցը` առողջապահության ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղիները նիստում ներկայացրեց ՀՀ ԱԺ  առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովները վերջին չորս տարիներին համագործակցել են ակտիվորեն` պատրաստակամություն հայտնելով փորձի փոխանակումը շարունակել նաեւ այսուհետ: Քննարկման այս ձեւաչափում նույնպես հանձնաժողովի նախագահը իր գործընկերների ներկայացրեց շրջանառության մեջ դրված եւ առողջապահության ոլորտում կարեւոր նշանակություն ունեցող   օրենսդրական նախաձեռնություններ: Արա Բաբլոյանը բնակչության առողջության պահպանությունը համարեց զարգացման համար կարեւոր եւ ռազմավարական հարց` հաշվի առնելով հատկապես ծնելիության ցուցանիշը բարձրացնելու անհրաժեշտությունը:    Որոշվեց առողջապահության ոլորտի օրենքների նախագծերը քննարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորների մասնակցությամբ:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դրա նախապատրաստական աշխատանքներին:

ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ - ում դեռեւս գործում է կենսաթոշակային նախկին համակարգը, բայց այդ ոլորտի բարեփոխումների անհրաժեշտություն կա, որի իրականացումը արդյունավետ կարող է լինել միայն հայաստանյան փորձի հաշվառմամբ եւ համատեղ աշխատանքով:  Մի քանի ամսից հետո ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը խորհրդարանի դատին կներկայացնի «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքի նախագիծը, որի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Կենսթոշակային բարեփոխումների փաթեթի ներդրման, մասնավորապես կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու ռիսկերը, պայմանավորված հանրապետության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակով, շատ ավելի ռիսկային կարող է լինել ԼՂՀ-ի համար, ուստի այս հարցում կարեւոր է երկու խորհրդարանների համագործակցված աշխատանքը պատգամավորների եւ փորձագետների մակարդակով:

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ թեեւ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից, բայց գործընթացը  ավարտված չի համարում, քանի որ շատ կարեւոր է այդ բարեփոխումների իրականացման արդյունավետ ընթացքը. դա երկարաժամկետ պետական քաղաքականություն է, որի հաջողությունը կախված է հետեւողականությունից ու քաղաքական կամքից: Այս բարեփոխումների հիմնական նպատակն այն է, որ յուրաքանչյուր թոշակառու իր կուտակային ֆոնդով մասնակցելու է երկրի նյութական միջոցների ձեւավորմանը, դրանով իսկ երկրի զարգացման գործում իր ներդրումն է ունենալու եւ հետագայում քաղելու է դրա արդյունքը: Այդ բարեփոխումների էությունը կուտակային ֆոնդի ձեւավորման գործում  պայմանավորված է պետություն-քաղաքացի համագործակցությամբ: Ինչ վերաբերում է  ԼՂՀ-ում այս համակարգի ներդրմանը, պետք է նախ եւ առաջ հանգամանալից ուսումնասիրել ԼՂՀ-ի մարդկային, սոցիալ-տնտեսական իրավիճակը, տնտեսական առումով իմանալ առաջիկա հինգ տարվա հեռանկարները եւ այս ամենի հաշվառումով միայն որոշել  կենսաթոշակային նոր համակարգի ներդրման նպատակահարմարությունը: Բանախոսը պատրաստակամություն հայտնեց անձամբ մասնակցել այդ աշխատանքներին: Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ եւ բոլոր հարցերը քննարկել տեղում:

Նիստում քննարկվեցին նաեւ ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակի պետական միջոցառումներին խորհրդարանների մասնակցությանը եւ խորհրդարանականների փոխայցերին վերաբերող հարցեր:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն հայտնեցին արդյունավետ քննարկումների համար եւ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի բազմազանությունն ու կարեւորությունը` առաջարկեցին քննարկումներ կազմակերպել ոչ միայն համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում, այլեւ հանդիպումներ կազմակերպել տարբեր ձեւաչափերով:
 


17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am